Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մեր փոքրաթիվ ազգը իրավունք չունենք դատապարտելու անառողջ, ֆիզիկապես թերզարգացած լինելու»

«Մեր փոքրաթիվ ազգը իրավունք չունենք դատապարտելու  անառողջ, ֆիզիկապես թերզարգացած լինելու»
12.09.2014 | 11:21

«Իրատես de facto»-ի հյուրն է Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալակիր, միջազգային կարգի մրցավար ՍԵՐԳԵՅ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆԸ:
Ակտիվ մարզական կյանքի, պետական պատասխանատու պաշտոնների, մանկավարժական երկարատև գործունեության տարիներին նա ունեցել է տարատեսակ հետաքրքիր հանդիպումներ, որոնց մասին պատմում է մեր զրույցի ընթացքում: Լինելով խորհրդային հասարակարգի համակիրներից մեկը, ցավով է արձագանքում այն բեկումնային իրադարձություններին, որոնք իրենց ոչ միայն անուղղակի, այլև ուղղակի ազդեցությունն են թողել հենց իր կյանքի վրա և դարձել պատճառ, որ նա բաց նամակով դիմի անձամբ Վլադիմիր Պուտինին` հայտնելով իր մարդկային ցավն ու քաղաքացիական ընդվզումը աշխարհաքաղաքական և նեղանձնական շահերի բախման առնչությամբ:

«ԱՅՍՊԻՍԻՆ Է ԿՅԱՆՔԸ` ԼԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ»


-Պարոն Գյուլնազարյան, խորհրդային տարիներին երկու տասնամյակից ավելի ղեկավար պաշտոն եք զբաղեցրել ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրությունում և կամա-ակամա առնչվել մարդկային տարբեր ճակատագրերի հետ: Նման մի առիթով շփվել եք անձամբ Արամ Խաչատրյանի հետ: Պատմեք, խնդրեմ, այդ մասին:
-1970-ականներն էին: Կիրովականի երաժշտական ուսումնարանի տնօրենի պաշտոնը վարում էր Էդուարդ Կզարտմյանը, ով մեծ վաստակ ուներ այդ տարածաշրջանի մշակութային կյանքում: Կիրովականի քաղկոմում որոշել էին ազատվել այդ մարդուց, քանի որ նա արդեն մեծահասակ էր և ուներ առողջական խնդիրներ: Դրան դեմ էին մինիստրությունում, բայց այն տարիներին ամեն ինչ վճռվում էր կուսակցական ակտիվում: Համերգային ծրագրով Երևանում էր Արամ Խաչատրյանը, որն իմացել էր այդ խնդրի մասին և իսկույն պատրաստակամություն հայտնել օգնելու իր կոլեգային: Ինձ խնդրել էին երկու կավճապատ թուղթ տանել «Արմենիա» հյուրանոց` Արամ Խաչատրյանին` համապատասխան նամակը գրելու համար: Չզարմանաք, այն ժամանակ կավճապատ թղթերը ստանում էինք հաշվով, պահում չհրկիզվող պահարանում և գործածում միայն հույժ կարևոր գրությունների համար: Այդպիսի խնայողություններով էր ապրում հզոր Խորհրդային Միությունը, և հենց դրա շնորհիվ էր հզոր ու հարուստ: Ինչևէ, ես, առանց հապաղելու, գնացի «Արմենիա», բարձրացա Խաչատրյանի համարը և բացատրեցի, թե ում պետք է հղի իր նամակը: Կարճատև, բայց ջերմ զրույցից հետո բաժանվեցինք և պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը, որ վերցնեմ նրանից նամակը և հանձնեմ մինիստրին: Հանդիպեցինք մեկ օր անց` կրկին հյուրանոցում: Նա տվեց ինձ նամակը, ներողություն խնդրեց, որ չի կարող համար հրավիրել, որովհետև ուշանում է համերգից: Արամ Իլյիչը, լինելով չափազանց զբաղված մարդ, ունենալով ծանրաբեռնված ծրագիր Երևանում, իր նամակում բավական հանգամանալից գրել էր Կզարտմյանի վաստակի, մասնագիտական արժանիքների մասին և հորդորել չհեռացնել նրան իր զբաղեցրած պաշտոնից, քանի որ նա մեծ պոտենցիալ ունի երիտասարդ կադրեր պատրաստելու առումով: Իհարկե, քաղկոմն իր որոշման մեջ մնաց անդրդվելի, այդ մարդուն փրկել չհաջողվեց ո՛չ մինիստրին, ո՛չ Արամ Խաչատրյանին: Բայց այս պատմության մեջ կա մի կարևոր ճշմարտություն. Արամ Խաչատրյանը մեծահոգի, մարդկային անձնավորություն էր: Դա ոչ միայն դրսևորվեց իր կատարած քայլով, իր նամակի բովանդակությամբ, այլև ինձ հետ շփվելիս: Իսկական մեծերը երբեք չեն մեծամտանում, երբեք չեն ընդգծում իրենց անձը և չեն օտարվում իրենց արմատներից: Սա մի փոքրիկ միջադեպ է, բայց մարդուն բնորոշելու առումով շատ հատկանշական: Եվ եզակի օրինակ չէ Խաչատրյանի պարագայում: Նա միշտ է պատրաստակամ եղել իր հայրենակիցներին օգնելու, ձեռք մեկնելու հարցերում, բազմաթիվ փաստեր են այդ մասին վկայում:
-Դուք ոչ միայն մեծահոգի, հավասարակշիռ, ազգասեր հանճարի հետ եք կարողացել հեշտորեն հարաբերվել, այլև Խորհրդային Միության ամենասկանդալային անձնավորություններից մեկի` Ալլա Պուգաչովայի: Դժվար չէ՞ր:
-Հեշտ չէր: 1987 թվականն էր: Պուգաչովան, որ ողջ խորհրդային հասարակության կուռքն էր, եկել էր Երևան` տասնյոթօրյա համերգային ծրագրով: Օրը երկու համերգ էր ունենում` լեփ-լեցուն դահլիճում, իսկ տոմսերը սպառվել էին նրա ժամանումից շատ առաջ: Ես մարզահամերգային համալիրի փոխտնօրենն էի, և ինձ վրա կազմակերպչական իմաստով մեծ պատասխանատվություն էր դրված: Պետք էր լեզու գտնել հանրության սիրելի արտիստուհու հետ, ինչպես և կանխատեսել նրա հնարավոր քմահաճույքներն ու բավարարել դրանք: Բայց Պուգաչովան, լինելով ի բնե անմիջական, շփվող, ջերմ մարդ, այնուամենայնիվ, ուներ իր աստղային տարօրինակությունները, որոնք ես ստիպված եղա հանդուրժել և ելք գտնել ստեղծված իրավիճակից այնպես, որ չտուժի մեր երաժշտասեր հասարակությունը: Երևանում Պուգաչովայի գտնվելու յուրաքանչյուր օրվա մասին էլ կարելի է ինչ-որ բան հիշել ու պատմել, բայց ես ցանկանում եմ առանձնացնել այդ պատմություններից երկուսը միայն. դրանք նաև այսօր կհետաքրքրեն մարդկանց: Երեկոյան համերգներից մեկի ժամանակ ինձ տեղեկացրին, որ Ալլա Բորիսովնան փակվել է սենյակում և հայտարարում է, թե չի ցանկանում երգել, քանի որ իրեն վատ են ծափահարում: Մի երգչուհի, որ օրը երկու համերգ էր տալիս` կատարելով 60-70 երգ` առանց ֆոնոգրամայի, հանկարծ որոշել է չերգել: Ի՞նչ կարող էի անել: Հավաքեցի ուժերս, ի մի բերեցի դիվանագիտական կարողություններիս ողջ զինանոցն ու թակեցի գրիմանոցի դուռը: Պուգաչովան դժկամությամբ բացեց այն, ես իսկույն անցա «գրոհի»: «Սիրելի Ալլա Բորիսովնա, հայ հասարակությունը Ձեզ սիրում է, սպասում անհամբեր: Անհնար է, որ նրանք վատ ծափահարեն: Դուրս եկեք բեմ և ինքներդ կհամոզվեք»,- վրա եմ տալիս` առանց շունչ քաշելու: Իհարկե, երգչուհին հեշտ համոզվողներից չէր, բայց ի վերջո, ես կարողացա կոտրել նրա համառությունը: Նա դուրս եկավ բեմ և երգեց սովորականից ավելի շատ ու ավելի ոգևորված: Մտածում էի, որ սրանով կսահմանափակվեն նրա կամակորությունները, բայց առջևում ինձ սպասում էր ավելի դժվար մի դեպք: Հյուրախաղերի ամենաեռուն շրջանում իմ աշխատասենյակ է ներխուժում Պուգաչովան և հայտարարում. «Վաղը ես համերգ չունեմ: Եթե վաղը չլինեմ Մոսկվայում, չեմ ստանա իմ սպիտակ «Մերսեդեսը», հասկանո՞ւմ եք»: Ես պարզապես կարկամեցի: Մարդիկ Հայաստանի ամենահեռավոր շրջաններից գալու են համերգի: Ես ի՞նչ բացատրություն տամ նրանց, չէ՞ որ տոմսերը վաղուց վաճառված են: Պուգաչովային չէր հետաքրքրում ոչինչ` իր երազանքների ավտոմեքենայից բացի: Եվ նա, իհարկե, արեց այնպես, ինչպես հարմար էր իրեն: Մեկ օրով մեկնեց Մոսկվա, ստացավ իր սպիտակ «Մերսեդեսը», վերադարձավ ու շարունակեց երգել. կարծես թե ոչինչ էլ չէր պատահել: Իսկ թե ինչերի միջով անցանք մենք այստեղ, դա բացառապես մեր խնդիրն էր: Գործի էինք դրել այն ժամանակվա բոլոր հնարավոր լրատվական խողովակները` ռադիո, հեռուստատեսություն, որպեսզի հանդիսատեսին տեղեկացնեինք համերգների հետաձգման մասին: Մի կերպ դուրս եկանք ստեղծված իրավիճակից: Ի՞նչ կարող ես անել, աստղային հիվանդությունը բնորոշ է բոլոր աստղերին, անգամ նրանց, ովքեր չունեն Պուգաչովայի համբավն ու ճանաչումը:
-Կյանքի օրոք սովորաբար մարդկանց հուշարձան չեն կանգնեցնում, բայց Դուք ակամա դարձել եք մեկն այն եզակիներից, որի քանդակը կանգնեցված է Երևանում` Դանիել Վարուժանի անվան դպրոցի առջև: Պատմեք, խնդրեմ, թե ինչպես դարձաք մեր եղեռնազարկ հայրենակցի արձանը քանդակող Թորգոմ Չորեքչյանի բնորդը:
-Վաստակավոր քանդակագործ Թորգոմ Չորեքչյանին հանդիպել եմ պատահաբար, Երևանի կենտրոնական փոստատանը: Մոտեցավ ինձ պատկառելի մի անձնավորություն և հարցրեց, թե ինչպես եմ վերաբերվում արվեստին: Ասացի, որ պատանեկության տարիներին նկարչություն եմ ուսանել, աշխատանքներ ներկայացրել միութենական ցուցահանդեսում: Պատասխանս նրան դուր եկավ, և նա ինձ առաջարկեց մի քանի օր իբրև բնորդ ծառայել` Դանիել Վարուժանի քանդակը անելու համար: Ես այդ ժամանակ աշխատում էի մինիստրությունում, բավական զբաղված մարդ էի, բացի այդ, կարծում էի, որ իմ և Դանիել Վարուժանի արտաքինի միջև որևէ նմանություն չկա` դատելով նրա լուսանկարներից: Չորեքչյանն ասաց, որ նկարիչն ինքն է, և նմանությունն ինքն է տեսնում: Նրա խոսքով` ես խրոխտ, հերոսական կեցվածք ունեի, ինչպիսին ունեցել է Դանիել Վարուժանը, և ինքը հենց այդպիսին էր պատկերացնում Վարուժանին: Մի քանի օր հետո գնացի արվեստանոց: Այնտեղ շատ ականավոր մարդկանց քանդակներ կային, որ կատարել էր Չորեքչյանը: Ես հասկացա, որ լուրջ արվեստագետի հետ գործ ունեմ. պետք է նպաստեմ նրա գործին: Այդպես սկսվեցին իմ կանոնավոր այցելություններն արվեստանոց, և ես դարձա այսօր Դանիել Վարուժանի անվան դպրոցի առջև կանգնեցված արձանի բնորդը: Եվ ասեմ, որ քանդակը տեսնող շատ մարդիկ, առանց իմանալու իմ բնորդ լինելու պատմությունը, մոտեցել են ինձ ու ասել, որ Դանիել Վարուժանի քանդակը չափազանց նման է ինձ: Ահա թե ինչպես եմ բնորդ դարձել: Սա աննշան թվացող մի դրվագ էր իմ կյանքում, որը տարիների ընթացքում ավելի ու ավելի կարևոր է դառնում: Այսպիսին է կյանքը` լի անակնկալներով: Եվ լավ է, եթե դրանք լավ անակնկալներ են լինում:

«ԱՐԴՅՈ՞Ք ՄԻՆՉԵՎ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՈՒՄԸ ԿԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՉ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ»


-Հայ գրականության հետ Ձեր ունեցած առնչություններն այսքանով չեն սահմանափակվում: Դուք յուրօրինակ բախտակիցն եք Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի հերոս Արթին պապի: Խորհրդային կարգերի փլուզումից հետո բաց նամակով դիմել եք անձամբ Վլադիմիր Պուտինին: Կպատմե՞ք այդ մասին:
-Պուտինին գրածս նամակը հրապարակվել է, չեմ ցանկանում մանրամասնորեն կրկնել բովանդակությունը: Ասեմ միայն, որ 1991-ի կեսերին, երբ դեռ գոյություն ուներ Խորհրդային Միություն անունով պետությունը, ես Մոսկվայի խնայբանկի բաժանմունքներից մեկում դարձել եմ ավանդատու` ի պահ տալով 11 հազար սովետական ռուբլի: Ամիսներ հետո, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, իմ գումարն անվերադարձ կորավ, քանի որ Ռուսաստանի կառավարությունը հայտարարեց, թե պարտավորվում է վերադարձնել միայն Ռուսաստանի քաղաքացիների ավանդները, իսկ մյուս ավանդատուների առջև որևէ պարտավորություն չունի: Ես իմ նամակում հարց եմ տվել Պուտինին. «Արդյո՞ք մինչև Խորհրդային Միության փլուզումը կային Ռուսաստանի և ոչ Ռուսաստանի քաղաքացիներ ողջ երկրի տարածքում»: Հարց եմ տվել նաև, թե ինչպե՞ս կվերաբերվեին ինձ, եթե ես լինեի ԱՄՆ-ի, Անգլիայի կամ Ֆրանսիայի քաղաքացի, դարձյա՞լ կհայտարարեին, թե պարտավորված չեն վերադարձնելու իմ գումարը, որովհետև Ռուսաստանի քաղաքացի չեմ: Բացի այդ, նամակը մի հարմար առիթ էր, որ ես` իբրև հայ մարդ, հնչեցնեի իմ բողոքը` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առիթով: Չէ՞ որ դա հարված էր իր ռազմավարական դաշնակից Հայաստանի թիկունքին: Ես ակնարկել եմ այդ գործարքը և հեգնաբար նկատել, որ կարող էին գոնե այդ գործարքից գոյացած խոշոր գումարից վճարել մոսկովյան բանկում ներդրած հայաստանցուս գումարը: Հասկանալի է, որ որևէ արդյունք չպիտի ունենար իմ նամակը, ես իրատես մարդ եմ և անհնարինը պահանջել չեմ կարող: Բայց այդ նամակը մի հրապարակային փորձ էր` ցույց տալու այն ողբերգությունը, որի մեջ հայտնվեց շարքային խորհրդային քաղաքացին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Չէ՞ որ այդ հզոր երկիրը միայն Ռուսաստանի ուժերով չէր կառուցվել, ինչո՞ւ պիտի փոքր հանրապետությունները մնային ձեռնունայն Միության կազմից դուրս գալուց հետո: Մեր հանրապետությունը հզոր տնտեսություն և մշակույթ ուներ, Խորհրդային Միության կարևորագույն օղակներից էր, բայց տեսեք, թե ինչ կատարվեց մեզ հետ: Իհարկե, ես մեր այսօրվա վիճակի մեղավորներին միայն նախկին խորհրդային չինովնիկների կամ ռուսաստանյան ղեկավարների մեջ չէ, որ տեսնում եմ: Մենք ևս տեղում ճիշտ չգնահատեցինք մեր հնարավորությունները, չկարողացանք արդյունավետորեն օգտագործել մեր ունեցածն ու կրկնապատկել, բազմապատկել այն: Մի բան, որ միանգամայն հնարավոր էր: Այսօր շատ են բողոքում կոմունիստական կուսակցությունից, բայց ես ինքս, լինելով կոմունիստ, չեմ եղել այդ կուսակցության գաղափարախոսության ֆանատը, կուրորեն չեմ դավանել դրա սկզբունքներին: Ես կուսակցականի տոմսն ու անունը օգտագործել եմ, որպեսզի նվաճումներ ապահովեմ իմ մասնագիտական բնագավառում, նպաստեմ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը Հայաստանում: Եվ բոլորը գիտեն, թե խորհրդային տարիներին ինչպիսի նվաճումներ ուներ մեր հանրապետությունը, քանի օլիմպիական չեմպիոն, աշխարհի տարբեր առաջնությունների հաղթողներ ու ռեկորդակիրներ է պատրաստել: Իսկ ի՞նչ ունենք այսօր: Մի՞թե նույն ժողովուրդը չենք: Այսօր ֆիզիկական դաստիարակությունը չի արժանանում պատշաճ ուշադրության: Իսկ սա ոչ միայն սպորտային նվաճումներ գրանցելու համար է պետք, այլև առողջ գենոֆոնդ ունենալու: Մենք մեր փոքրաթիվ ազգը իրավունք չունենք դատապարտելու անառողջ, ֆիզիկապես թերզարգացած լինելու: Մանավանդ որ հայտնի ճշմարտություն է` առողջ մարմնում է լինում առողջ հոգի: Ես այս հարցերը բարձրացրել եմ բազմիցս, բայց, ցավոք, դեռ չեմ տեսնում որևէ լուրջ, գործնական արձագանք:


Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ